«Ով պայքարում է հրեշների դեմ, թող զգուշանա, որ դրանով ինքը հրեշ չդառնա։ Եվ երբ դու երկար անդունդի մեջ ես նայում, ապա անդունդը նույնպես քո մեջ է նայում»։
Ֆրիդրիխ ՆԻՑՇԵ
1-03
(հիվանդասենյակ թիվ 6)
Տիարք և տիկնայք, ձեզանից ափաչափ հեռու տեղակայեք կատվախոտի սրվակը, կոնյակի շիշը, հոգնայի սարքը, վստահաբար դրանց կարիքը կունենաք։ Նաև չմոռանաք, շտապօգնության համարն է 1-03 (կապեք ամրագոտիները, ընկնելու վտանգը հեռու չէ)։
«Հարգելի պարոն Առաքելյան, ի պատասխան ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին և ՀՀ վարչապետ պարոն Տ. Սարգսյանին ուղղված Ձեր դիմումի հայտնում եմ, որ հրագործական նյութերի որակին, ներմուծմանը, վաճառքին և հրավառությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջների կարգավորման գործում խիստ շահագրգռված է նաև ՀՀ կառավարությունը (այսինքն` «ԼԼ» գլխավոր նավավարս եմ շահագրգռված մի կողմից, մյուս կողմից, և այն էլ խիստ, շահագրգռված է ՀՀ կառավարությունը. ինչպիսի՜ պատիվ կառավարության համար:)
Այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Հրդեհածին անվտանգության մասին։ ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների թվով 7 նախագծերը քննարկվել են ՀՀ կառավարության մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեի 2012 թվականի հունիսի 28-ի նիստում (տեսա՞ք, թե որքան տեղին էր ամրագոտին)։
Քննարկման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարելու տարբեր երկրների փորձի լրացուցիչ ուսումնասիրություններ, գնահատելու սահմանվող պարտադիր կատարման ենթակա պահանջների, վերահսկողական մեխանիզմների ներդրման ազդեցությունը տնտեսության վրա, ինչպես նաև հնարավոր ռիսկերը։
Հարգանքով` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյան, 15.11.2012 թ.» (խնդրին նման խորիմաստ լրջությամբ անշուշտ կարելի է վերաբերվել, եթե այն առնչվի, զորօրինակ, Հայաստանի ատոմակայանի լինել-չլինելուն կամ էլ միասեռականների թագուպսակի թույլտվությանը` պետականորեն)։
Բոսորամիտ իմ ընթերցողներ, դուք կռահեցի՞ք, թե պետաիրավական նախարարական կոմիտեն ինչ է ուզում ասել։ Ես` ամենևին։ Կարող եմ կռահել, որ սույն կոմիտեի 2012-ի հունիսի 28-ի նիստում ներքին մի որոշում է կայացվել` ամեն գնով ապահովել հրթիռակոծությունների անխափան ընթացքը (տարին բոլոր), կանաչ լույս վառել պայթուցիկների գործածման առջև (Ամանորի տոնական օրերին)։ Այսինքն` ՀՀ կառավարությունում, խիստ շահագրգռված խնդիրների լուծմամբ, ստեղծել են աբսուրդի նորհայկական թատրոնը, անտրեպրիզային եղանակով։ Եվ թատրոնի դռները լայն բացել հանրության առջև. եկե՛ք և հիասթափված հեռացեք։ Հեռացե՛ք, բայց մի՛ մոռացեք, որ դուք ՀՀ բնակիչներ եք, ուր մոլեմսխուն կապիտալի տիրակալությունն է, և ամեն բան ենթակա է մի խումբ անձանց դրամաշորթությանը` ժողովրդական ամենալայն զանգվածների ամենատարրական իրավունքների և բարոյական «նորմատիվ ակտերի» անարգմամբ։
Մեզ անարգել և անարգում են։ Ինչից ելնելով էլ դիմում եմ ճարտասան պատգամավորներին, ակնկալելով ՀՀ կառավարությանն առընթեր մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեի (իմա` ՀՀ կառավարությանն առընթեր աբսուրդի թատրոնի) դատավարությունը` «Ազատության» հրապարակում, հրթիռակոծական հրավառությունների և պայթուցիկային խրախճանքի մշտական ունկնդրման դատավճռով։ (Դատավճիռն իրականացնել «ԼԼ» հյուսիսային ծովախորշում, ուր դոդոշներն են դրության տերը)։ Ի դեպ, աբսուրդի թատրոնը հավատարիմ գործընկերներ ունի, ՀՀ հանրային խորհրդի անդամ, գեներալ Կառլոս Ղազարյանը, նրան ևս գամում ենք հրթիռապայթուցիկային անարգանքի սյունին։ Ինչո՞ւ, քանզի սույն գեներալի հանրային-գեներալական գզրոցում է փոշեկալում սեպտեմբերին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված զայրացկոտ-հուզումնախռով դիմումս` կանխարգելելու դիվային զվարճանքը։ Այս երեք ամիսների ընթացքում ձախողվեցին Կառլոս Ղազարյանից պատասխան ստանալու բոլոր փորձերս։ Հավանաբար սա է ՀԽ-ի գերնպատակը` հանրային բուռն հետաքրքրություն ունեցող խնդիրը խցկել փակուղի, կոծկել այն դավադիր լռությամբ։
ԱՊԱՑՈՒՑԻՐ, ՈՐ ԴՈՒ ՈՒՂՏ ՉԵՍ
(չինովնիկական քացիներ մեր ստոծանուն)
Վայելեք երրորդ ըմպանակ կոնյակն ու հեռացրեք հոգնայի սարքը (ամրագոտիները կարելի է երեք անցք թուլացնել. առջևում ահեղ մարտեր են մեզ սպասում, և հոգեխանգարվելու վտանգը առկա է)։ Այսպիսով, գերշահութաբեր բիզնեսի բոսերն իրենց քոսապատ հավակնություններով շատ ավելի ազդեցիկ են մեր իրականությունում, քան ամենազոր կառավարությունը, խորհրդարանը, նախագահական նստավայրը, քաղաքապետարանը։
Չե՞ք հավատում, ահավասիկ։
«Հարգելի պարոն Առաքելյան.
Երևանի քաղաքապետին ուղղված Ձեր դիմումի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ հանձնարարվել է Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին համապատասխան ծառայությունների միջոցով զգուշացնել հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների տնօրեններին բացառել ժամը 22.00-ից հետո հրագործական արտադրատեսակների օգտագործումը։
Հարգանքով` առևտրի և սպասարկումների վարչության պետ Ա. Սարգսյան» 29.06.2011 թ.»։
(Ի դեպ, անասնակերպը թքած ունի մինչև 23.00-ն հրթիռակոծությամբ զվարճանալու ՀՀ կառավարության հայտնի որոշման վրա։ Ընդ որում, հրթիռակոծում են ոչ միայն ռեստորաններում։ Դիցուք անասնակերպերի խրախճանքը յուր կիզակետում է, մնում է օրը բարեհաջող ավարտել։ Նրանք ելնում են պատշգամբ կամ մագլցում են տանիք և թնդացնում երկինք, գետին և հարևանության լսողություն։ Ի դեպ, վերջերս նոր սովորույթ է ի հայտ եկել. անասնակերպը օրը ցերեկով է զվարճանում, շքամուտքում, բակում և այլուր)։
«Քաղ. Վրեժ Առաքելյանին`
ՀՀ նախագահին հասցեագրած Ձեր դիմումը քննարկվել է ՀՀ ոստիկանությունում, որի կապակցությամբ հայտնում ենք, որ հրագործական ապրանքների ապօրինի առևտուրը կանխելու նպատակով ոստիկանության կողմից պարբերաբար անց են կացվում համապատասխան միջոցառումներ։
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ` Ա. Կիրակոսյան։ 21.12.2010 թ.» («Համապատասխան միջոցառումները» չափազանց «արդյունավետ» էին։ Հուշեմ-հիշեք։ Նախաամանորյան բուրումնավետ մի օր թոռնիկը պապիկին դեմ է տալիս պատին. «Աչքերդ փակիր, բերանդ բացիր»։ Սիրառատ պապը հնազանդվում է, բացում է բերանը` ակնկալելով չիր, չամիչ, ընկույզ կամ գոնե մանդարին։ Փոխարենը թոռնիկը պայթուցիկ է դնում բերանը։ Եվ ինչ, տարաբախտ պապը ճանապարհ բռնեց ի վերին Երուսաղեմ, երեխան էլ դարձավ ակամա պապասպան։ Այո՜:)
«Քաղաքացի Վրեժ Առաքելյանին
...Միաժամանակ հայտնում եմ, որ հրագործական նյութերի արտադրության, ներմուծման, պահպանման, կիրառման և այլ հարցերի թերկարգավորվածությունը, ինչպես նաև չսերտիֆիկացված ու կասկածելի ծագում ունեցող հրագործական արտադրանքի կիրառման հետևանքով ստացվող վնասները բացառելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թ. մայիսի 20-ի թիվ 63-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների ընդգրկմամբ։ Աշխատանքային խումբն ուսումնասիրել է եվրոպական երկրների, ինչպես նաև ՌԴ փորձը։ ՈՒսումնասիրությունների արդյունքում մշակվել են թվով 7 օրենքներում մեծածավալ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր, որոնցով հստակորեն կանոնակարգվելու են հրագործական նյութերի որակին, ներմուծմանը, արտադրությանը, առևտրին և հրավառությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջները, հրավառության կազմակերպման վայրերի, թույլտվության, ժամի ու օգտագործման հետ կապված հարաբերությունները և այլ հարցերը, ներկայիս պարզ ընթացակարգով տրամադրվող լիցենզիայի փոխարեն սահմանվելու է բարդ ընթացակարգով տրամադրվող լիցենզիա, այդ բնագավառի վերահսկողական գործառույթները վերապահվելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Նախագիծն առաջիկա ամսվա ընթացքում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը։
Հարգանքով` ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյան 13.12.11 թ.»։
ՎԵՐՋԵՐԳ
(հակընդդեմ հայց)
Պատվարժան երեսփոխաններ և արժանապատիվ իմ ընթերցողներ, բացի այն, որ վերնակույտային անասնակերպը, պետական բարձր ատյանների ձեռամբ մեզ համակենտրոնացման ճամբարի բնակիչների տեղ է դնում, դուք այս նենգաբարո բառաշփոթում որևէ բանական և բարոյական բան գտա՞ք։ Այո՜, 2011-ի դեկտեմբերին ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ստեղծվում է աշխատանքային խումբ, որը նախագծեր է մշակում և 2012-ի հունվարին դրանք ներկայացնում ՀՀ կառավարության քննարկմանը։ Կառավարությունում վեց ամիս քննարկում են նախագծերը և, գլուխ չհանելով, ձևավորում են մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտե։ Սույն կոմիտեն նույնպես մոլորվում է հրթիռակոծությունների և պայթուցիկակոծությունների դղրդուն շիլաշփոթում և անհրաժեշտ համարում կատարել տարբեր երկրների փորձի լրացուցիչ ուսումնասիրություններ։ Սա, հիշենք, 2012-ի հունիսի 28-ին։ Այո՜։ ՈՒսումնասիրությունները դեռևս ավարտված չեն (չնայած կառավարությունում խիստ շահագրգռված են)։ Այո՜, դեռ երկար ժամանակ դրանք չեն ավարտվի։ Զի վերնակույտային անասնակերպը ահռելի գումարներ է վաստակում։ Այնինչ, նման հակամարդկային խնդիրները կանոնակարգվում են գրչի մեկ հարվածով` արգելմամբ։ Ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհում է։ Այսպիսով պայքարում եմ հրեշների դեմ։ Իսկ անասնակերպն ու պատկան-պետական մարմինները երկա՜ր, շատ երկա՜ր անդունդի մեջ են նայում և թքում քամուն հակառակ։ Մոռանալով, որ անդունդը կարող է նրանց ուղղակի կլանել, թուքն էլ հետադարձ ճախրանքով կարող է շուլալվել նրանց պնդակուռ ճակատներին։
Այո՜, հասարակությանը բացահայտ ցինիզմով անարգում են։ Եվ բութ կացնով հարվածում բարեփոխումների տատասկոտ ուղին բռնած երկրի նախագահի թիկունքին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Այսուհանդերձ, խնդրի գլխավոր պատասխանատուն ՀՀ ԱԻ նախարար տիար Արմեն Երիցյանն է։ Արգո Երիցյան, հաջորդ կյանքում Դուք (և մյուս մեղավորները) վստահաբար ենթարկվելու եք պայթուցիկային գրոհի և հրթիռակոծական հակագրոհի։ Լինեմ անկեղծ, նախ խլանալու եք, հետո շլանալու եք, հետո էլ, հազար ու մի ներողություն, բթանալու եք։ Իսկ այս կյանքում Ձեզ մնում է ընդամենը կաս-կարմիր կտրել գեներալական ոսկեծուփ համազգեստը հագնելիս։ Ո՛ղջ լերուք։